Հետաքրքիր է

Հագուստը թելադրում է բնավորություն, խորհուրդներ ոճաբանից

By 14.02.2019 No Comments

Զգեստը կնոջ նախաբանն է, երբեմն նույնիսկ՝ ամբողջ գիրքը…

Հագուստը, գույները, համադրությունները մի ամբողջ պատմություն են հաղորդում: Այս և այլ հարցերի պատասխանները  ոճաբան ARGATA-ի հետ  զրույցում:

Ինչի՞ն ուշադրություն պետք է դարձնել հագուս ընտրելիս:

Ցանկացած աշխատանք մեր կյանքում սկսվում է անհատականության ուսումնասիրությունից՝ Տարիք, կառուցվածք, աշխատանք, ընկերներ, ընտանիք, շրջապատ, նախասիրություններ, երազանքներ ու պլաններ, ցանկություններ: Հագուստ ընտրելիս պետք չէ ընտրել պարզապես հագուստ, անհրաժեշտ է ընտրել հագուստ, որը կլրացնի, կընդգծի ու ճիշտ կներկայացնի մեր անհատականությունը:

Սակայն կա մեկ անվիճելի փաստ, որը միշտ օգնում է հագուստի ճիշտ ընտրման հարցում և երբեք թույլ չի տալիս սխալվել: Եթե հագուստը, որը դուք պատրաստվում եք ձեռք բերել էլեգանտ է, կանացի և սեքսուալ՝ դուք ճիշտ ուղղու վրա եք: Եվ այս օրենքը գործում է ցանկացած ոճի հագուստի դեպքում՝ սպորտային, casual, գործնական, թե դասական:

Ինչի՞ն եք ուշադրություն դարձնում շորերը մոդելավորելիս:

Կետ համար առաջին՝ կանացիություն: Այսօր, մեր ժամանակաշրջանում մենք շատ ենք հեռացել այդ կերպարից: Ինձ համար կնոջ իդեալական կերպար է 50-60-ականների կնոջ կերպարը, ինչն էլ փորձում եմ քարոզել բոլոր կանանց, ովքեր դիմում են ինձ, ինչպես նաև հաճախակի գրում եմ այդ մասին իմ բլոգում: Եվ հագուստը, որը ես ստեղծում եմ նույնպես նախ և առաջ կանացի է:

Հագուստի, գույների միջոցով կարողանու՞մ եք արտահայտել մարդու բնավորությունը:

Իրականում հենց բնավորությունն է թելադրում հագուստը: Հենց հագուստի, ընտրված ոճի ու գույների միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Սա մի առանձին գիտություն է: Բոլորը գիտեն, որ վառ գույներ նախընտրում են հենց վառ անհատականությունները՝ ազատություն գնահատող, նկատված լինելու վախ չունեցող անհատականությունները: Կարմիրը համարվում է ամենասեքսուալ գույնը, կարմիր կրում են նպատակասլաց, կրքոտ կանայք: Կապույտ նախընտրում են հարմարավետությունը գնահատող մարդիկ, սպիտակը՝ ռոմանտիկները, ովքեր չեն ընդունում սուտը և չեն ներում դավաճանությունը: Սևը ուժ է, էլեգանտություն և ճոխություն: Այսպես կարելի է գրել բոլոր գույների մասին: Գույնը ինֆորմացիայի խորը աղբյուր է:

Հայ աղջիկների ոճի մեջ նկատում եք թերացումներ և հատկապես ի՞նչ թերացումներ են, օրինակ՝ սխալ համադրություն, գույների, աքսեսուարների և այլն:Կբերե՞ք օրինակներ:

Այս մասին կարելի է երկար խոսել… Հայ կանայք այսօր բավականին եռանդ, գումար ու ժամանակ են ծախսում իրենց արտաքին տեսքի վրա: Եվ դա շատ ողջունելի է: Սակայն երբեմն այդ եռանդը չափազանց շատ է, անտեղի ու ոչ գրագետ:

Շատ հաճախ կարելի է բախվել վուլգարություն հասկացողությանը: Սխալ համոզմունք կա, որ գեղեցիկ կինը վուլգար կինն է՝ չափազանց կարճ կիսաշրջազգեստ բարձրակրունկ կոշիկներով, առօրյայում արհեստական թարթիչներ, ահռելի մեծ շրթունքներ... Փաստը, որ համեստությունը գեղեցկացնում է երբեք չի հնանա, այն միշտ կլինի ակտուալ: Կինը պետք է միշտ իրեն բացահայտել ձգտող ցանկություն առաջացնի:

Զուգագուլպաներ բաց քթով կոշիկների հետննկարագրելի հաճախ հանդիպող սխալ), անխնամ տեսք, կառուցվածքին ոչ համապատասխան հագուստ: Երբեմն կանայք թերությունները ծածկելու փոխարեն կարծես դիտավորյալ ընդգծում են դրանք: Երբեմն նաև գենետիկան է թելադրում իր օրենքները։ Մեր կանայք ունեն գրեթե համընդհանուր կառուցվածքային հատկանիշ՝ ընդգծված լայն կոնքեր: Դրանք կարելի է քողարկել երկար բլուզներով, կարդիգաններով, կիսաշրջազգեստներով և այլն։ Իրականում տարբերակները շատ են, բայց չգիտես ինչու աղջիկները հաճախ ընտրում են կիպ ջինսն ու կարճ բլուզը։

Գույների ոչ գրագետ համադրությունը, կամ գույների բազմազանությունը կերպարում կարող է ստեղծել էժանագին տեսք: Էլեգանտ և ճաշակով կերպարում միշտ առկա են մինիմալ գունային խառնուրդներ:

Կա՞ մեզ մոտ ոճաբանների դիմելու մշակույթ:

Ոճաբաններին դիմելու մշակույթ միշտ եղել է: Այլ հարց է, որքա՞ն է այսօր դա ակտուալ մեր երկրում և կա՞ արդյոք դրա պահանջարկը մեծացնելու հնարավորություն: Այսօր ոճաբաններին դիմում են ավելի շատ հանրաճանաչ մարդիկ, ովքեր ելույթ են ունենում բեմում, եթերում, հանդիսատեսի առջև, և ոճ ու ճաշակ թելադրելու խնդիր ունեն: Առօրյայում այդ պրակտիկան շատ ավելի հազվագյուտ է կիրառվում: Սակայն իմ՝ մոտ 5 տարիների աշխատանքային փորձից և կանխատեսումներից ելնելով կարող եմ վստահաբար ասել, որ հետզհետե պահանջարկը մեծանում է, որովհետև մարդիկ զգում են մասնագետներին դիմելու կարևորությունը: Երբ դու հասկանում ես, որ կարող ես ոչ թե պարզապես հետևել սեփական ճաշակին, այլ ստեղծել գրագետ ու համահունչ համադրություններ կերպար ստեղծելը դառնում է աննկարագրելի մեծ հաճույք:

Պե՞տք է հետևել տենդենցներին, թե հագնել այն ինչ հարմար է, լավ և գեղեցիկ է նստում:

Իսկ ի՞նչ է նշանակում հետևել տենդենցներին: Լինել ինֆորմացվա՞ծ՝ միանշանակ պետք է, լավ է, օգտակար է: Կուրորեն կրկնօրինակե՞լ այն, ինչ մեզ թելադրում են տենդենցները՝ իհարկե ոչ: Պետք է առաջարկվող տենդենցներից ընտրել ու ստեղծել սեփականը, օգտագործել դրանք որպես խորհուրդ և առաջարկ: Յուրաքանչյուր մարդ առանձին անհատականություն է՝ իր կենսակերպով, նախասիրություններով, կառուցվածքով ու մաշկի գույնով: Կերպարները, գույներն ու մոդելները, որոնք առաջարկում են մեզ նորաձևության ցուցադրությունները, ոչ միշտ կարող են համապատասխանել մեր անհատականությանը:

Սեփական ոճը ունենալը ինչպե՞ս կարող է ազդել ինքնագնահատականի վրա:

Երբ մենք ունենք մեր սեփական ոճը, դա նշանակում է, որ մենք ուսումնասիրել ենք մեր էությունը, լսել մեր ցանկություններն ու հասկացել ինչն է մեզ հոգեհարազատ, ո՞ր կերպարում ենք մենք կարողանում զգալ մեր իրական ուժն ու հմայքը, գերել, առաջացնել հիացմունք, ստեղծել իրական ներդաշնակություն մեր ներաշխարհի ու արտաքին տեսքի միջև: Իսկ կազդի՞ դա արդյոք մեր ինքնագնահատականի վրա՝ իհարկե այո: Պետք է ձգտել ունենալ սեփական կերպար, պետք է ձգտել հասկանալ սեփական անհատակությունը: Այդ աշխատանքը կտա մեզ ինքնագնահատական և միայն դրա հետևանքում՝ սեփական ոճ:

Արդյո՞ք հագուստի միջոցով կարելի է կերպարանափոխել մարդուն, համարձակություն, ինքնավստահություն տալ, եղե՞լ է Ձեր պրակտիկայում նմանատիպ դեպքեր:

Գիտեք, կինը շատ հետաքրքիր երևույթ է՝ նրա բնավորության ու տրամադրության փոփոխմանը կարող է նպաստել ամեն բան՝ սկսված հագուստից մինչև մեկ բաժակ գինին սիրելի սրճարանում: Ես երբեք չեմ կենտրոնանում հագուստի վրա: Հագուստը մեր էության մի փոքրիկ մասնիկ է ընդամենը: Եթե այս երեկո համարձակ լինելու համար մեզ անհրաժեշտ է խորը դեկոլտեով սև դասական զգեստ, վաղը դա կարող է լինել բոլորովին այլ բան: Պետք է հասկանալ պարզապես այդ պահին ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի մենք լինենք մեզ համար հարմարավետ կերպարում: Սակայն հագուստի՝ անվանենք այն արտաքին տեսքի փոփոխության դեպքում, բնականաբար առաջանում է և՛ ինքնավստահություն, և՛ համարձակություն, և՛ անկեղծ ժպիտ: Եվ պրակտիկայում դա շատ հաճախ է պատահում::

Կկիսվե՞ք մի քանի հնարքներով, ինչպե՞ս գրագետ հագնվել՝ թերությունները քողարկելու, կամ առավելություն դարձնելու համար: Օրինակ՝ ասում են, որ սև հագուստը վիզուալ նիհարեցնում է:

Բնական է կան մի շարք հնարքներ քողարկելու թերությունները, և դրանցից շատերը բավականին հայտնի են: Օրինակ այն, որ հորիզոնական գծերը, սպիտակ գույնը, մեծ նկարներն ու նախշերը խորհուրդ չեն տրվում ավելորդ քաշ ունեցող կանանց: Աքսեսուարները պետք է ընտրել կառուցվածքին համապատասխան: Փոքրամարմին աղջիկները պետք է խուսափեն մեծ չափի աքսեսուարներից՝ դրանք կարող են ծիծաղելի դիտվել: Սևը միշտ մեր օգտին է աշխատում բոլոր դեպքերում: Ընդհանրապես մուգ գույնի հագուստն ավելի սլացիկ է դարձնում մարմինը, քան բացը: Լայն կոնքերի դեպքում կարելի է հագնել մուգ տաբատ և բաց գույնի բլուզ: Նաև շատ կարճ սանրվածքը կարող է ընդգծել լայն կոնքերը և ընդհանրապես ավելորդ քաշը: Շատ դեպքերում պետք է պարզապես կանգնել հայելու առջև և գնահատել հագուստ-կառուցվածք համաչափությունը: Եթե նույնիսկ փորձել զուտ երկրաչափորեն մոտենալ այս հարցին կարելի է ճիշտ ընտրություն անել և ստանալ բավականին գրագետ կերպար:

Ի՞նչ խորհուրդներ կտաք աղջիկներին

Հաճախակի զրուցեք ձեզ հետ, լսեք ձեզ, հասկացեք ձեր անհատականությունը, ճանաչեք ձեզ, սովորեք սիրել ձեզ հենց այնպիսին ինչպիսին ստեղծել է ձեզ բնությունը: Ինքնաճանաչումը ճանապարհ է դեպի հոգու հավերժությունը:

Հարցազրույցը՝ Էլիզա Բալայանի

 

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 5 րոպեի ընթացքում

×
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 30 րոպեի ընթացքում


×