Հայտնիներ

Կարևորագույն արժեքը ՄԱՐԴ լինելն է. Անահիտ Կիրակոսյան

By 02.02.2019 Փետրվարի 8th, 2019 No Comments

Այս անգամ զրուցել ենք մի շարք հեռուստանախագծերից հայտնի («Բանակում», «Քաղաքում», «Հումորի լիգա», «Women’s club»), կայացած և տաղանդաշատ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ: Մարդ, որը տարբերվում և վարակում է իր առանձնահատուկ նպատակասլացությամբ: Դերասանուհին կարողանում է համատեղել նախընտրած աշխատանքը ընտանիքի և այլ զբաղմունքների հետ:

Ինչպե՞ս եք կարողանում համատեղել հանրային կյանքը և ընտանիքը:

Դժվար է համատեղել, բայց երբ ամուսինդ և երեխաներդ քեզ հետ մի ուղղությամբ են նայում, ամեն բան հաղթահարելի է դառնում: Մեխանիզմը, երևի թե, օրվա 24 ժամն օգտագործելն է:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում՝ ինչ կանոներով ապրի, որո՞նք են Ձեր կանոնները: Արդյո՞ք դրանք միշտ մնում են նույնը և չեն փոխվում կյանքի տարբեր փուլերում:

-Տարիները կարող են փոխել մարդուն . ավելի հասուն, կոփված, կայուն դարձնել, բայց տեսակը մնում է նույնը: Ես չեմ կարող փոխել իմ տեսակը, երբեք և ոչ մեկի համար: Այո, ունեմ հստակ գծած կանոններ, սահմաններ, որոնք ինձ համար կարևոր են և փոփոխման ենթակա չեն: Հավատարիմ եմ դրանց, և երբեք չեմ փոխի տեսակս: Ամեն մարդ պետք է ճանաչի ինքն իրեն. հավատարիմ և ներդաշնակ լինի իր ներաշխարհի հետ:

Ի՞նչ է հեռուստատեսությունը, թատրոնը:

-Հեռուստատեսությունը, թատրոնը կախարդական աշխարհներ են, ուր հայտնվելուց հետո սիրահարվում ես և կյանքդ չես պատկերացնում առանց այդ աշխարհների:

– Ի՞նչ է պետք հաջողակ դերասան լինելու համար:

-Տաղանդ և աշխատասիրություն:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը և հեշտությա՞մբ եք դուրս գալիս մարմնավորած դերից:

-Բոլոր իմ խաղացած դերերը իմ երեխաններն են, որոնց սիրում եմ՝ ամեն մեկին յուրովի: Բայց կառանձնացնեմ «Անուշը», քանի որ առաջինս էր, և գլխավոր դեր: Ես չունեմ այդ խնդիրը՝ տարանջատում եմ կյանքս աշխատանքից:

– Ի՞նչն եք կարևորում հարաբերություններում:

Հարաբերություններում կարևորում եմ վստահությունը և զիջելու կարողությունը, նաև ներելու:

Շարունակեք միտքը՝ Բեմում, հեռուստատեսությամբ ես… կյանքում ես…

-Բեմում ես խաղում եմ, կյանքում՝ երբեք:

Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, ինչ ունեմ. ընտանիք և սիրելի աշխատանք:

-Ամուր ընտանիք ունենալու Ձեր գրավականը:

Միակ գրավականն ու բանաձևը շա՜տ սիրելն է:

Ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում՝ փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո:

Կնոջ կյանքում մայրանալը հիմնովին փոխում է ամեն բան. միանգամից հասունանում ես ու դառնում պատասխանատու: Տեսնում ես, որ կան էակներ, որոնք քեզ ասում են մամա, և դրանով ամեն բան փոխվում է: Ես 21 տարեկանում միանգամից փոխվեցի, երբ մայր դարձա:

-Ինչո՞վ կանայք կարող են պարծենալ իրենք իրենցով:

Ես չեմ տարանջատում կին, տղամարդ: Ինձ համար կարևորագույն արժեքը ՄԱՐԴ լինելն է: Կարևոր է լինեն հպարտ, բայց ոչ գոռոզ:

Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ:

Դաշնակահար:

Ունե՞ք սիրելի խոսքեր:

Ոսկե կանոնը. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն»:

Լուսանկարները՝ Անահիտ Կիրակոսյանի անձնական էջից.

Հեղինակ՝ Էլիզա Բալայան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 5 րոպեի ընթացքում

×
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 30 րոպեի ընթացքում


×