Без категорииԽորհուրդ

Սիրո, հարաբերությունների մեխանիկա. մեկնաբանում է հոգեբանը

By 14.02.2019 No Comments

Ցանկացած իրողություն մեր կյանքում պահանջում է աշխատանք: Սերը  նույնպես բացառություն չէ, այն պահանջում է ո՛չ միայն ամենօրյա աշխատանք, այլև՝ պատասխանատվություն, նվիրում:

Խոսելով միևնույն կամ արդի թեմաների շուրջ տարբեր հոգեբանների հետ՝ ներկայացնելով հոգեբանների մեկնությունների շարքը, նպատակ ունենք հանրամատչելի տարբերակով ներկայացնել խնդիրներ ՝ գտնելով մեզ և Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Հարցերին այս անգամ պատասխանել է կանացիության դասընթացների հեղինակ և վարող, հոգեբան, մանկավարժ, Ջուլիետա Հարթենյանը:

-Ինչպե՞ս կարելի է տարբերակել սերը համակրանքից:

-Համակրանքը մարդու դրական տրամադրվածությունն ու վերաբերմունքն է իրեն հաճելի մարդուն։ Այն կարող է առաջանալ առաջին իսկ հայացքից։ Համակրանքի առաջացման պատճառներն ավելի շատ արտաքին, մակերեսային ասպեկտներն են, օրինակ՝ ֆիզիկական տվյալները, մարդու կեցվածքը, ոճային հագուկապը, մարդու սոցիալական դիրքը, հնարավոր է նաև պահվածքը և այլն։ Համակրանքը կարող է կարճատև լինել, հնարավոր է նաև վերաճել սիրահարվածության, որը դեռևս իրական սիրելու գործառույթը չէ։ Սիրահարվածությունը հույզերի պայթյուն է։ Սիրահարված մարդը ձգտում է դուր գալ սիրո օբյեկտին և երբեմն կարող է իրեն ոչ բնորոշ քայլեր կատարել։ Սիրահարվածությունը իրականում եսասիրական, պահանջող զգացմունք է։ Սիրահարվածը միշտ ցանկանում է ուշադրություն, քնքշանք, աջակցություն և հոգատարություն ստանալ։ Իսկ Սերը վեր է աճում սիրահարվածությունից, սակայն նման չէ նրան։ Սերը միտված է ոչ ստանալու, այլ տալու գործառույթին։ Սերը անկեղծ է, անշահախնդիր, երբ սիրում ես ցանկանում ես որ դիմացինդ լինի երջանիկ, առողջ ուրախ, ուժեղ և այլն։ Սիրող մարդը, ի տարբերություն սիրահարված մարդու, կարող է նկատել և գիտենալ սիրո օբյեկտի թերությունները, սակայն ընդունել դրանք, այսինքն երբ սիրում ես ընդունում ես մարդուն այնպիսին ինչպիսին որ նա կա։

-Ինչպե՞ս կարելի է հասկանալ զույգերի համատեղելիությունը, հարաբերությունների ամրությունը:

-Ինչպես մարդն է անկրկնելի, այնպես էլ զույգերն են անկրկնելի։ Շատ անգամ կարող է կողքից թվալ որ տվյալ մարդիկ իրար համապատասխան չեն( բնավորություն, արտաքին, տարիք և այլն) սակայն նրանք ի վերջո շատ ամուր և երջանիկ զույգ են կազմում։ Զույգերի համատեղելիությունը և ամրությունը երևում է, երբ նրանք փոխադարձ հարգում են իրար, նրանց միջև կա փոխզիջում, փոխըմբռնում, նրանք իրար հետ թեթև և հանգիստ են զգում, ձգտում են օգնել միմյանց, խնամել, հասկանալ։ Նրանք իրար հետ ավելի լավ են զգում, ավելի երջանիկ են քան անջատ։

-Ե՞րբ են հարաբերությունները դիտարկվում առողջ:

– Փոխհարաբերությունները կարելի է անվանել առողջ, երբ երկու մարդկանց միջև, պատկերավոր ասած, տեղի է ունենում հավասարաչափ էներգիափոխանակություն։ Երբ ամեն մեկը իր հերթին տալիս և ստանում է գրեթե նույն չափի ուշադրություն, քնքշանք, սեր, կարեկցանք և այլն։ Երբեմն կարող է տատանումներ լինել, որը նորմալ է, սակայն երբ միակողմանի վերաբերմունք է, այսինքն զույգերից մեկը միշտ միայն վերցնողն է, իսկ մյուսը միայն տվողը, այստեղ գործ ունենք արդեն հոգեբանական, ինքնագնահատականի, ինքնաընկալման շեղումների հետ։

Ինչպե՞ս հարաբերությունները պահել ամուր և առողջ, կտա՞ք մի քանի գործնական խորհուրդներ :

– Փոխհարաբերությունները մշտապես պահանջում են աշխատանք, երբ կողմերից մեկը սկսում է թերանալ իր բաժին հասած հաճելի աշխատանքից, հարաբերությունները սկսում են թուլանալ։ Զույգ կազմելիս կողմերը պետք է ընդհանուր համաձայնության և պայմանավորվածության գան, թե ինչ են ուզում իրարից և ինչ չեն ընդունում հարաբերությունների մեջ։ Այդպես ավելի հեշտ կլինի դիմացինի պահանջմունքները հասկանալ և մի շարք տարաձայնություններից խուսափել։ Հետագայում պետք է զույգերը միշտ քննարկեն իրենց իրական ցանկությունները, ապրումները և զգացողությունները, որպեսզի հասկանալի և պարզ լինի երկու կողմին էլ թե ինչ է զգում ներկա պահին իր կյանքի ընկերը։ Բացի այդ պետք է համեմել փոխհարաբերությունները հումորով, դրական զգացողություններով, ժպիտով և միշտ հարգել երկու կողմի լինելիությունը։

 

-Ի՞նչ դեր ունի հարաբերություններում անձը. կան մարդիկ, որոնք ամբողջ ուշադրությունը սևեռում են իրենց սիրո «օբյեկտ»-ին՝ վերածելով հարաբերությունները ավելի շատ կախվածության. շատ հարցեր մղելով ետին պլան, մինչ անձի ինքնազարգացումը, ինքնակրթությունը ինքնին բարենպաստ ազդեցություն կարող է ունենալ թե՛ հարաբերությունների որակի , թե՛ մարդու բավարարված, և հոգեբանական կայուն վիճակի վրա. Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ:

– Անձը պետք է ձևավորված, կայացած, ինքնահաստատված, առողջ հոգեվիճակում լինի, նոր զուգընկեր փնտրի, երբ մարդը դեռ չի կայացել, նա կարծես փնտրի մեկին, ում հաշվին կլրացնի իր բացը, սակայն նման մարդիկ սովորաբար հանդիպում են իրենց պես չկայացած այլ անհատի, ով իր հերթին ինքնահաստատվելու է նրա հաշվին։ Ստացվում են կախյալ, հիվանդ փոխհարաբերություններ, որտեղ երկու կողմն էլ պահանջող է։ Զույգ կազմելիս խիստ անհրաժեշտ է լինել երջանիկ, առողջ, ինքնաբավ անձնավորություն, քանի որ զույգի հետ դու պետք է կիսելու բան ունենաս։

Հարցազրույցը՝ Էլիզա Բալայանի

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 5 րոպեի ընթացքում

×
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 30 րոպեի ընթացքում


×